Վերջին տարիներին համացանցում շատ են հանդիպում «հրաշք» միջոցներ տարբեր առողջական խնդիրներից ազատվելու համար: Ավելի հաճախ դրանց գովազդները հանդիպում են ֆիլմեր դիտելիս կամ էլ որևէ լրատվական կայքում (հիմնականում սունկ կայքերում) նյութ կարդալիս: Դրանք մի պահ տարածում գտան նաև ֆեյսբուքում, որտեղ անհայտ ֆեյք էջեր գովազդում էին այդ պրեպարատները:
Գրավիչ վերնագրեր
Այդպիսի գովազդները սովորաբար ունենում են նմանատիպ վերնագրեր. «Այս հրաշք միջոցը կօգնի Ձեզ մեկընդմիշտ ազատվել հոդացավերից», «-20կգ մեկ ամսում՝ առանց դիետաների» և այլն:
«Հերոսները»
Տարբեր ապրանքների գովազդներում երևում են նույն «գործող անձիք»: Հոդերի Flekosteel կրեմը խորհուրդ տվող բժիշկ-ռևմատոլոգ Արմանը մեկ ուրիշ ապրանքի գովազդային էջում դառնում է օրթոպեդ-վնասվածքաբան Ալեքս:
Մեկ այլ պրեպարատի գովազդում երևում է մի բժշկի նկար, որտեղ, ըստ նկարի ներքևում տեղադրված տեքստի, Կարեն Ամիրխանյանն է՝ բժշկական գիտությունների թեկնածու, էնդոկրինոլոգ:
Նկարը որոնելով համացանցում՝ պարզեցինք, որ նկարում նևրոլոգ Մաժարենկո Ալեքսանդր Ալեքսեևիչն է՝ Սանկտ Պետերբուրգից:
Կայքերում տեղադրված նյութերը կարդալիս բազմաթիվ սխալներից հասկացվում է, որ դրանք թարգմանված են որևէ ավտոմատ թարգմանիչով: Տեքստում երբեմն հանդիպում են անգլերեն կամ ռուսերեն բառեր, որոնք ավտոմատ թարգմանիչը չի կարողացել թարգմանել, կամ էլ թարգմանել է, բայց լրիվ այլ իմաստով: Ստորև ցուցադրված նկարը Hondrostrong-ի մասին է, որը Նարե անունով օգտատերը անվանում է թմրանյութ: Այստեղ տարօրինակ է նաև այն փաստը, որ անվան մոտ տարիքը 28 է նշված, նկարում երիտասարդ աղջիկ է, իսկ մեկնաբանության մեջ նա նշում է, որ 70 տարեկան է:
Քանի որ պրեպարատը ռուսական է, տեքստը Google translate-ով թարգմանել ենք ռուսերեն: Արդյունքում երևում է, որ հենց ռուսերենից էլ ավտոմատ սխալ թարգմանություն է ստացվել:
Keto Guru նիհարեցնող պրեպարատի գովազդում ասվում է, որ Երևանի դիետոլոգներից մեկը` բժշկական գիտությունների դոկտոր, «Սննդի, կենսատեխնոլոգիայի և սննդի անվտանգության դաշնային հետազոտությունների կենտրոնի» բուժիչ և կանխարգելիչ սննդի դաշնային բյուջետային ինստիտուտի տնօրեն Սվետլանա Գալստյանը այն համարում է շատ արդյունավետ կոմպլեքսային միջոց: Նման կենտրոն Հայաստանում չի գործում: Իսկ այդ անհայտ կենտրոնի տնօրենի նկարը համացանցում փնտրելիս հասկացանք, որ այդ գովազդը պատրաստվել է մի քանի երկրների համար և յուրաքանչյուր գովազդում նկարի կինը տվյալ ազգին բնորոշ անուն ունի: Օրինակ, ադրբեջական կայքի համար նա Սեմա Յադիգորովայան է:
Բոլոր վերը նշված պրեպարատները Հայաստանի դեղատներում չեն վաճառվում: Դրանց վաճառքը Առողջապահության նախարարությունը չի վերահսկում, քանի որ դրանք դեղորայք չեն համարվում: Բնականաբար, այս պրեպարատներից և ոչ մեկը չկար Առողջապահության նախարարության կայքի հսկվող, դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկերում: Այսպիսի պրեպարատները համարվում են սննդային հավելումներ կամ կոսմետիկ միջոցներ:
Comments
Post a Comment