Նոր կորոնավիրուսի համավարակը և տարբեր երկրների կողմից խիստ սահմանափակումների սահմանումը մեծ ազդեցություն ունեցան համաշխարհային տուրիզմի վրա: Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ևս փոփոխությունների ենթարկվեց՝ բազմաթիվ տուրիստական ընկերություններ ունեցան եկամտի կրճատում, մասնակի կամ ամբողջական դադարեցրին իրենց գործունեությունը, նվազեցրին աշխատավարձերը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով ստացված տվյալների համաձայն` 2021թ․ առաջին եռամսյակում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 86 524 մարդ անցյալ տարվա 307 590-ի համեմատ և նվազել են գրեթե 72%-ով։ Հայաստանից արտասահման մեկնող զբոսաշրջիկների թիվը ևս նվազել է։ Նույն ժամանակահատվածում արտագնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 44 574 մարդ, որը նախորդ տարվա 279 435-ի համեմատ նվազել է մոտ 84%-ով։
Այս տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծամասնությունը Հայաստանում է եղել 21 և ավելի օր: Հայաստանից դուրս եկած զբոսաշրջիկների մեծամասնությունը նույնպես դրսում անցկացրել է 21 և ավելի օր:
Հայաստան ժամանած և Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների մեծամասնությունը 36-63 տարեկան տղամարդիկ են:
Comments
Post a Comment